ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ներում շնորհել ընդդիմադիր Հոնկոնգի մեդիա մագնատ Ջիմի Լային (Լի Չժին): Նա այդ մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի կենտրոնում:
«Ես խոսել եմ նախագահ Սիի հետ այդ մասին և խնդրել եմ դիտարկել նրան ազատ արձակելու հնարավորությունը։ Նա առողջ չէ։ Նա տարեց մարդ է և առողջ չէ։ Ուստի ես հայտնել եմ այդ խնդրանքը։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է ամերիկյան առաջնորդը։
Հոնկոնգի դատարանը դեկտեմբերի 15-ին 78-ամյա Ջիմմի Լային մեղավոր է ճանաչել ազգային անվտանգության գործով բոլոր մեղադրանքներով։ Այժմ չգործող Apple Daily թերթի հիմնադիրը համարվում է 2019 թվականի ամռանը Հոնկոնգում բռնկված հակակառավարական ցույցերի գլխավոր կազմակերպիչներից մեկը։
Մեղադրող կողմը հայտարարել է, որ գործարարը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բողոքի շարժմանը, կապեր է պահպանել ԱՄՆ քաղաքական էլիտայի հետ և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հոնկոնգի ու Չինաստանի դեմ։ Այս գործով նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում՝ 2020 թվականի ամռանը ընդունված ազգային անվտանգության մասին օրենքի համաձայն։ Ավելի վաղ դատարանը Ջիմմի Լային դատապարտել էր հինգ տարի և ինը ամիս ազատազրկման մեկ այլ գործով, որը կապված է եղել խարդախության և իրեն պատկանող ընդդիմադիր թերթի կենտրոնակայանի վարձակալության պայմանագրի խախտման հետ։





























