Չնայած եվրոպական և ամերիկյան ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններին, Բեռլինում կայացած բանակցությունները չեն կարողացել պարզաբանել երկու հիմնական հարց՝ անվտանգության երաշխիքներ և Ուկրաինայի կողմից հնարավոր տարածքային զիջումներ, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։
Bild պարբերականի մեկնաբան, գլխավոր խմբագրի տեղակալ Պաուլ Ռոնցհայմերը նշել է, որ պաշտոնական հայտարարությունները «կտրուկ հակասում են նրան, ինչի մասին խոսվում է կուլիսներում»։ «Ինչպես և անցյալ անգամ՝ եվրոպացիները հույս ունեն, որ միասնական դիրքորոշման շնորհիվ կկարողանան իրենց կողմը քաշել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփին և գոնե կկանխվի Ուկրաինայի դեմ ուղղված պլանի ընդունումը»,- թերթին հայտնել է Ուկրաինայի կառավարական շրջանակների աղբյուրը։
Ինչպես նշում է Bild-ը, Կիևի իշխանությունները չեն հասկանում, թե ի վերջո ինչ երաշխիքներ են ստանալու։ Բացի այդ, «նույնիսկ եթե ուկրաինացիների համար պարզ է, որ առնվազն ժամանակավորապես հնարավոր չի լինի խուսափել տարածքային զիջումներից», Դոնբասից զորքերի ամբողջական դուրսբերման մասին որոշումը դժվար կլինի բացատրել բնակչությանը, կարծում է մեկնաբանը։ Ըստ նրա գնահատականի՝ «իրավական տեսանկյունից, ներկա դրությամբ դա նույնպես հազիվ թե իրագործելի լինի»։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի փեսան՝ գործարար Ջարեդ Քուշները, թերթի աղբյուրների տեղեկություններով, ամուր դիրքորոշում են պահպանել Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների հարցում։
Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքներով հնչած դրական հայտարարությունները, ըստ ամենայնի, կապված են Թրամփին չբարկացնելու և ժամանակ շահելու ցանկության հետ, կարծում է Ռոնցհայմերը։ Միևնույն ժամանակ, մասնակիցներից ոչ ոք չի հավատում, որ Մոսկվան կարող է հրաժարվել իր պահանջներից, արձանագրում է նա։
«Ինչպես թվում է, մեզ համար այս պահին չկա լավ լուծում։ Կա՛մ մեզ կստիպեն գնալ մասնակի կապիտուլյացիայի, կա՛մ պատերազմը կշարունակվի՝ առանց մեզ նոր օգնություն ցուցաբերելու, որը կարող էր որևէ բան փոխել»,— Bild-ին հայտնել է Ուկրաինայի կառավարական շրջանակների աղբյուրը։
Բեռլինում դեկտեմբերի 14-15-ը տեղի են ունեցել ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումները՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը։ Կիրակի օրը բանակցությունները տևել են շուրջ հինգ ժամ, երկուշաբթի՝ մոտ երկու ժամ։ Երկուշաբթի երեկոյան բանակցությունների ընթացքը քննարկել են մի շարք եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։





























