2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ: Ընդ որում՝ դա կախված չի լինի ընտանիքում երեխաների թվից։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Մասնավորապես, նա հիշեցրել է, որ ներկայումս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 1 միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ 1.5 միլիոն դրամ։
Խաչատրյանն ասել, է որ անկախ երեխաների քանակից՝ ծախսերը բոլորի դեպքում նույնն են և հետևաբար առաջարկել է անցնել հավասարեցման սկզբունքի։
Այսպիսով, իշխանությունները, ըստ էության, առաջարկում են 500,000 դրամ վճարել՝ անկախ ընտանիքում երեխաների թվից: Կառավարությունը կարծում է, որ այս մոտեցումը կապահովի առաջին և երկրորդ երեխայի համար վճարումների ավելացումը:





























