Այս պահին «Աբովյան» ՔԿՀ–ում ազատությունից զրկված 70 կին կա և 10 անչափահաս։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողն երի հետ զրույցում նշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, տարիքով ամենափոքր անչափահասը 15 տարեկան է, ով դեռ կալանավորված է, դատապարտված չէ. «Հիմնականում անչափահասները գալիս են դանակահարության, գողությունների դեպքերով, իսկ կանայք տարբեր հոդվածներով։ Կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են՝ գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ։ Սպանության դեպքեր կան, բայց շատ չեն։ Մեկ էլ թմրանյութերով են վերջերս գալիս»,–ասաց նա։
Հեղինե Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին գտնվում են «Աբովյան» ՔԿՀ–ի վերասոցիալականացման կենտրոնում, այսինքն դպրոցում, որտեղ ընթանում են դասապրոցեսները և կազմակերպվում են միջոցառումներ. «Դրսից գալիս են, այստեղ ներկայացումներ են դիտում, իրենք են կազմակերպում։ Վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ եկան և այստեղ ներկայացում ցուցադրեցին կանանց համար, որը շատ շատ լավ արձագանք ունեցավ մեր կանանց կողմից։
Շատ հետաքրքիր էր, խնդրել ենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին և մեր ղեկավարությանը, որպեսզի մի անգամ էլ այցելեն ու այդ նմանատիպ միջոցառում կազմակերպվի։
Անչափահասների համար, երեխամայրեր ունենք այդ երեխաների համար կազմակերպելու ենք տարեմուտի հանդես, անպայման կազմակերպվելու է։ Հնարավոր է լինեն նաև դրսից հյուրեր»,–ասաց նա՝ հեվելելով, որ այս պահին երկու երեխամայր ունեն ՔԿՀ–ում՝ մինչև երեք տարեկան երեխաներով։











