Լիբանանի դատական համակարգը երեքշաբթի օրը հավանություն է տվել էկոնոմիկայի նախկին նախարար Ամին Սալամի գրավի դիմաց ազատ արձակումը, որը վեց ամիս կալանքի տակ էր կասկածելի համարվող պայմանագրերին առնչվող կոռուպցիայի գործով, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
Սալամը, որը 2021-2025 թվականներին ծառայել է նախկին վարչապետ Նաջիբ Միկատիի կաբինետում, միակ նախկին նախարարն է, որը ձերբակալվել է Լիբանանի տնտեսական ճգնաժամի սկսվելուց ի վեր՝ 2019 թվականին։ Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ Լիբանանի դատական համակարգը «համաձայնել է ազատ արձակել, սակայն արգելել ուղևորությունները էկոնոմիկայի նախկին նախարար Ամին Սալամին՝ ինը միլիարդ լիբանանյան ֆունտ ստեռլինգի գրավի դիմաց, որը համարժեք է 100 հազար դոլարի»։
Պաշտոնյան հավելել է, որ գրավը վճարվել է, և նրա բանտից ազատ արձակման ընթացակարգերը շարունակվում են։ Հունիսին մեկ այլ դատական պաշտոնյա հայտարարել է, որ Սալամը ձերբակալվել է ենթադրյալ «կեղծումների, յուրացումների և կասկածելի պայմանագրերի» առնչությամբ։
Սալամի խորհրդական Ֆադի Թամիմը 2023 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ շորթման և ապահովագրական ընկերությունների հաշվին անձնական հարստացման համար: Նախկին նախարարի եղբայրը՝ Քարիմ Սալամը, ևս ձերբակալվել է այս տարվա սկզբին՝ «անօրինական հարստացման, փաստաթղթերի կեղծման և ապահովագրական ընկերություններից շորթման գործով», որը կատարվել է «նախարարի քողի ներքո»:
Նախագահ Ջոզեֆ Աունը և վարչապետ Նավաֆ Սալամը, որոնք երկուսն էլ պաշտոնը ստանձնեցին այս տարի, խոստացել են միջազգային դոնորների կողմից պահանջվող բարեփոխումների շրջանակում առաջնահերթություն դարձնել համատարած կոռուպցիայի դեմ պայքարը:
Սեպտեմբերին բազմաթիվ մեղադրանքների, այդ թվում՝ յուրացման, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ կասկածվող կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ռիադ Սալամեհն ազատ է արձակվել մեկ տարուց ավելի կալանքից հետո՝ վճարելով ռեկորդային ավելի քան 14 միլիոն դոլար գրավ:





























