Գյումրիում ծնողներին սպանելու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին հետևյալը. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով:

Անձը ձերբակալվել է»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։

Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։

Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։ Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Shamshyan.com–ը այս դեպքի մասին հայտնել է, որ որդին հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ըստ հարևանների,  7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ։