Ազատազրկված անձանց պայմանների գոտիների փոփոխելուց, նոր պայմաններին հարմարվելուց, հիմնական շեշտը դնում ենք ադապտացիոն խնդիրների, սթրեսականության, սթրեսի հաղթահարման, հարմարվելու, ինչ-որ որոշակի կարգավիճակ ձեռք բերելու վրա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Աբովյան» ՔԿՀ հոգեբան Շուշան Մարտիրոսյանը։
«Այստեղ կապ ունի նաև տարիքը, հատկապես մեր անչափահաս կալանավորների կամ դատապարտյալների դեպքում, որովհետև գիտեք, տարիքային առանձնահատկությունները՝ հասունացման շրջանը, հորմոնալ փոփոխությունները և այլն, ինչ-որ չափով ազդում են նաև իրենց վարքի վրա։
Հիմնական ակցենտը, իհարկե, դրված միջանձնային փոխհարաբերությունների վրա, որովհետեև տարբեր բնավորության տեր մարդիկ հավաքվում են մի տեղ ու իրենց համատեղ խնդիրները լուծելու համար, շատ ակտուալ են միջանձնային հարաբերությունները»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ խնդիրներով են իրեն դիմում, արդյոք կան սուիցիդալ մտքեր ունեցողներ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ունենք մեկ-երկու անձ, որ վերջերս սուիցիդալ մտքեր ունեցել են, կամ պարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը։ Իրենց վրա ենք ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ տանում։
Ինքնավնասման փորձեր էլ ունենք։ Վերջին 10 օրվա ընթացքում երկու անձի կողմից ունենք ինքնավնասման փորձ։ Մեկը, այսպես ասած, ռեմիսիայի փուլում է, բայց մյուսը՝ ոչ։
Այս դեպքում էլ շեշտը դնում ենք միջանձնային փոխհարաբերությունների վրա։ Ինքնավնասման փորձ անողների մեջ անչափահասներ կան։
Բոլոր խնդիրները գալիս են, երբ երկու միջավայր իրար հետ համընկնում է, այսինքն դրսից այդ խնդիրը ինքը իր մեջ կրում է և գալիս է այստեղ այդ արտահայտման խնդիրները բերում են կոնֆլիկտի»,– ընդգծեց նա։











