Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները: Դատական նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը:

Որպես մեղադրյալներ, բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ներգրավված են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ աղմկահարույց գործի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական:

Որոշումը բողոքարկվել է և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, որն այս պահին քննում է մեղադրող կողմի միջնորդությունը՝ նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։ Ինչպես նախկինում իրավիճակը գնահատել էին փաստաբանները, տեղի է ունենում իրավական նոնսենս, երբ մարդկանց նախ անվանում են ամբաստանյալներ և միայն դրանից հետո սկսում են քննարկել մեղադրանք առաջադրելու հարցը։