Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգապետ Քրիս Մինսը հայտարարել է քաղաքացիների բողոքի ցույցեր իրականացնելու իրավունքը կարգավորող օրենքներում սպասվող փոփոխությունների մասին։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սիդնեյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Մինսի խոսքով՝ նահանգի իշխանությունները մտադիր են խստացնել բողոքի ցույցերի մասին օրենքները՝ տարածաշրջանում «պայթյունավտանգ իրավիճակից» խուսափելու համար։ «Եթե հիմա Սիդնեյում բողոքի ցույցեր տեղի ունենային, դա կհանգեցներ անհավանական և մեր համայնքի համար սարսափելի հետևանքների՝ զանգվածային անկարգությունների։ Նման բաները պառակտում են մեր հանրությունը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ միջազգային իրադարձությունների հետ կապված ցույցերին», - ասել է նա։
Նա ընդգծել է, որ «մտահոգված է նրանով, ինչ հիմա տեղի է ունենում Սիդնեյում»։ «Այսօրվա պայմաններում ցույցը կարող է բորբոքել մի բոց, որն անհնար կլինի հանգցնել։ Այդ իսկ պատճառով մենք դիտարկում ենք [օրենքներում] այնպիսի փոփոխությունները, որոնց համաձայն ոստիկանության կոմիսարը կկարողանա մերժել բողոքի ցույցեր անցկացնելու թույլտվությունը, եթե տարածաշրջանում առկա է ահաբեկչության սպառնալիք», - ասել է նա։
Մինսը շեշտել է, որ օրենքների սպասվող փոփոխությունները չեն վերաբերելու «քաղաքացիների որևէ կոնկրետ խմբերի»։ «Դա կլինի ընդհանուր կանոն, որը կգործի ահաբեկչական սպառնալիքի առաջացման դեպքում։ Իհարկե, մենք այդպես չենք կարող երաշխավորել, որ փողոցի անկյունում մարդկանց հավաք տեղի չի ունենա, բայց մենք այնպես կանենք, որ ցույցերը չողողեն մեր փողոցները և չհանգեցնեն հասարակության մեջ երկփեղկման ու պառակտման», - պարզաբանել է Մինսը։





























