Հարավային Օսիայում նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, ԱԻՆ-ի ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել կրկնակի քվեարկությանը, որը նշանակված է մարտի 25-ին:
Նա լրագրողներին հայտնել է, որ այդ քայլին է դիմում, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տա «խուսափել հակադրությունից եւ հանգիստ պայմաններում ընտրություն կատարել` հետ չնայելով»:
Հրաժարվելով առաջադրվել մարտյան ընտրություններում` Բիբիլովը կոչ է արել անցյալ տարվա նախագահական մրցավազքի բոլոր մասնակիցներին անել նույնը եւ «դրանով պատասխանատվություն ցուցաբերել ժողովրդի եւ պետության առջեւ»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Բիբիլովը մասնակցել է 2011-ի աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրություններին եւ Ալլա Ջիոեւայի հետ դուրս եկել երկրորդ փուլ, որտեղ պարտվել է Ջիոեւային: Սակայն Հարավային Օսիայի գերագույն դատարանը չեղյալ է համարել ընտրության արդյունքները:
Դրանից հետո Ջիոեւան հայտարարել է, որ իրեն համարում է ընտրված նախագահ եւ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա փետրվարի 10-ին:
Նշենք, որ կրկնակի քվեարկությունը տեղի կունենա մարտի 25-ին:




























