Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը համացանցում «համակարգված ապատեղեկատվական արշավի զոհ է դարձել»՝ Ավստրալիայի Բոնդի լողափում տեղի ունեցած զանգվածային կրակոցներից հետո, հաղորդել է Associated Press-ը:

Թարարը «թշնամական երկրներին», այդ թվում՝ Հնդկաստանին, մեղադրել է կեղծ հայտարարություններ տարածելու մեջ, ըստ որոնց երկու հարձակվողներից մեկը Պակիստանի քաղաքացի է։

Իսլամաբադում անցկացված մամուլի ասուլիսում Թարարը հայտարարել է, որ Պակիստանի ղեկավարությունը խստորեն դատապարտել է կիրակի տեղի ունեցած հակասեմական հարձակումը, որի հետևանքով 15 մարդ է զոհվել։

Նախարարը նշել է, որ «մոլորեցնող տեղեկությունը» սկսել է տարածվել գրեթե հարձակումից անմիջապես հետո, սոցիալական ցանցերում կասկածյալներից մեկին կեղծ կերպով նույնականացրել են որպես Պակիստանի քաղաքացի՝ Նավիդ Աքրամ անունով։

Նա ասել է, որ պնդումներն արագ տարածվել են թվային հարթակներում և որոշ լրատվամիջոցներ կրկնել են այդ չհաստատված տեղեկությունները։ Թարարն ասել է, որ հետագա եզրակացությունները, դրանց թվում՝ Հնդկաստանի ոստիկանության հաստատումը վկայել է, որ հարձակվողներից մեկը՝ Սաջիդ Աքրամը, ենթադրաբար Հնդկաստանից է եղել, իսկ նրա 24-ամյա որդին՝ Նավիդ Աքրամը, որը ևս մասնակցել է հարձակմանը, ծնվել է Ավստրալիայում: