Երևանում կառավարության շենքի մոտ տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերպել են Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով անհետ կորածների հարազատները։

Անհետ կորածների հարազատները եկել են պաստառներով, որոնց վրա եղել են «Վերադարձրեք հայրենիք մեր եղբայրներին» և «Պահանջում ենք որոնողական աշխատանքներ» գրություններ։

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ այն փաստը, որ հայտնի չէ անհետ կորածների ստույգ թիվը, ինքնին հանցագործություն է։ «Ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի անում իր պարտականությունները այս ընտանիքների հետ կապված, այլեւ խոչընդոտում է նրանց գործունեությունը», - շեշտել է Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնի չեն Արցախի նախկին ղեկավարների գերեվարման ստույգ հանգամանքները, չկան որևէ տվյալներ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած ավելի քան երկու տասնյակ անձանց մասին։ «Չի լինում, որ մարդ անհետ չքանա։ Գոյություն ունի ՄԱԿ-ի բռնի անհետացած անձանց իրավունքների պաշտպանության կոմիտե և հստակ գիտեմ, որ ՀՀ կառավարությունն այդ կոմիտեին չի դիմել:

Չի լինում այնպես, որ ընդհանրապես հետք չմնա։ Դրա համար էլ այն կոչվում է ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտե։ ՀՀ կառավարությունն անգամ չի դիմում միջազգային այն մարմիններին, որոնք կարող են այդ հարցում գոնե ինչ-որ բան անել: Մյուսն այն է, որ անհետ կորածների ծնողներն ունեն իրավունք՝ իրազեկված լինել այն ամենի մասին, ինչ արվում է»։ «Եթե խոսքը խաղաղության մասին է, ինչո՞ւ չի լուծվում գերիների և պատանդների հարցը»։

«Համահայկական ճակատ» շարժման ներկայացուցիչն ընդգծել է, որ առանց հումանիտար հարցերի լուծման խաղաղություն չկա. նման խաղաղությունը ոչ այլ ինչ է, քան առասպել։ Ընդ որում, իշխանությունները՝ ի դեմս կառավարության, ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի, բնավ մտահոգված չեն այս խնդրով, իսկ Վիգեն Էուլջեքչյանի կինը ստիպված է դիմել Մեհրիբան Ալիևային, քանի որ ՀՀ իշխանություններին այդ հարցը չի հետաքրքրում։ Նա նաև հավելել է, որ ԱԱԾ տնօրենը մեկնել է Բաքու, սակայն անհետ կորածների հարցը չի բարձրացվել։ Ինչպես և գերիների հարցը։ Նրա խոսքով՝ Բաքու մեկնած «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները» գերիների հետ հանդիպում չեն պահանջել։

Բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ կշարունակվի նաև բողոքի ակցիան։

ՄԱԿ-ին հանձնված և բոլոր մասնակից հարազատների կողմից ստորագրված նամակում ցուցարարները պահանջել են, որ քաղաքական շահերը չդասվեն մարդասիրական շահերից վեր և հանդիպում կազմակերպվի։