Ռուսական հետախուզությունը բելգիացի քաղաքական գործիչների և ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան ղեկավարների ահաբեկման արշավ է կազմակերպել՝ նպատակ ունենալով արգելափակել Ուկրաինայի օգտին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների օգտագործումը։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով եվրոպական հատուկ ծառայությունների տվյալներին։
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ արշավն ուղղված է եղել երկրի ղեկավարների և Euroclear-ի (բելգիական դեպոզիտարիա, որտեղ պահվում է Ռուսաստանի սառեցված ակտիվների մեծ մասը) առանցքային դեմքերի դեմ։ Սպառնալիքներ է ստացել, մասնավորապես, Euroclear-ի գլխավոր տնօրեն Վալերի Ուրբենը։
The Guardian-ի զրուցակիցները եվրոպական պաշտոնյաների շրջանում կարծում են, որ արշավի պատասխանատվությունը կրում է ռուսական ռազմական հետախուզությունը, սակայն չեն հստակեցնում, թե ինչի վրա են հիմնված նման եզրակացությունները։ Հրապարակման մեջ մանրամասներ չեն բերվում այն մասին, թե կոնկրետ ինչից է բաղկացած եղել ահաբեկման արշավը։
Euroclear-ում հրաժարվել են մեկնաբանություններից։ «Ցանկացած պոտենցիալ սպառնալիք դիտարկվում է առաջնահերթության կարգով և մանրակրկիտ հետաքննվում, այդ թվում՝ իշխանությունների համապատասխան աջակցությամբ»,- հայտարարել է դեպոզիտարիայի ներկայացուցիչը։
2025 թվականի մարտին EUobserver, De Morgen, Humo և Le Monde պարբերականները համատեղ հետաքննության մեջ գրել են, որ Euroclear-ը պայմանագիր է կնքել ֆրանսիական Amarante մասնավոր պահնորդական ընկերության հետ՝ իր գլխավոր տնօրեն Վալերի Ուրբենի և գործադիր խորհրդի յոթ այլ անդամների պաշտպանության համար։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի շուրջ 260 միլիարդ եվրոյի ակտիվները սառեցվել են արևմտյան երկրներում 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ 2025 թվականի սեպտեմբերի սկզբին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է Ուկրաինայի համար 140 միլիարդ եվրոյի չափով «ռեպարացիոն վարկի» գաղափարը՝ սառեցված ռուսական ակտիվների գրավադրմամբ։ Վարկը նախատեսվում է մարել պատերազմի ավարտից հետո, երբ Ռուսաստանը կփոխհատուցի պատճառված վնասը։ Սակայն այս ծրագրին դեմ է արտահայտվում Բելգիան՝ վախենալով իրավական պատասխանատվությունից և դատական հայցերից։
Ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային 210 միլիարդ եվրոյի վարկավորման սխեմային այլընտրանք փնտրելու Բելգիայի կոչերին միացել են ևս երեք երկրներ՝ Իտալիան, Բուլղարիան և Մալթան։ Նրանց հայտարարության մեջ նշվում էր, որ իրենք կողմ են ռուսական ակտիվների անժամկետ սառեցմանը (նման որոշում Եվրամիությունն արդեն կայացրել է), սակայն այդ քայլը չպետք է «կանխորոշի» միջոցների հնարավոր օգտագործումը՝ Կիևի ռազմական ջանքերին աջակցելու համար։





























