Ամենայն Հայոց Հայրապետին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, որին մասնակցում են և՛ աշխարհականները, և՛ բարձրաստիճան եկեղեցականները. Ամենայն Հայոց Հայրապետը ընտրված է և ըստ իս, ոչ ոք՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, իրավունք չունի պահանջելու Հայրապետի հրաժարականը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը՝ անդրադառնալով նրան, որ 10 եպիսկոպոսներ պահանջել են Գարեգին Բ–ի հրաժարականը։
«Մեր եկեղեցու պատմության մեջ նմանատիպ դեպքեր էլի եղել են, որ փորձել են Ամենայն հայոց հայրապետին ստիպել հրաժարական տալ, բայց նա պետք է շարունակի մնալ իր հայրապետական գահին բազմած»,–ասաց նա։
Տեր Արծրուն քահանա Միքայելյանը նշեց, որ իրենց թեմի առաջնորդի կողմից, ով ևս այդ 10 եպիսկոպոսների թվում է, իր հանդեպ ճնշումներ չեն եղել. «Որևէ նման առաջարկ չի եղել, մենք միշտ եղել ենք Մայր աթոռի կողքին, հավատարիմ Ամենայն հայոց հայրապետին, իր գահին։ Այսօր էլ այստեղ ենք, որպեսզի միասնաբար աղոթք անենք մեր երկրի խաղաղության, մեր ժողովրդի խաղաղության, մեր ազգի միասնության համար»։
Անդրադառնալով նրան, որ Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ և զգոնություն կոչ է արել, նա ընդգծեց. «Եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ հանդես եկել է, բնականաբար նման մտավախություն կա, և կարծում եմ՝ մեր հավատավոր զավակները պետք է ականջալուր լինեն Մայր աթոռի հայտարարությանը՝ պահպանելով զգոնությունը, սթափությունը, լինեն աղոթական վիճակի մեջ»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:
Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:
Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։











