Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան չպետք է ձեռնարկեն գործողություններ, որոնք կվատթարացնեն Սև ծովում անվտանգային իրավիճակը, հայտնում է АР-ն:

«Երկու կողմերն էլ պետք է զգուշություն ցուցաբերեն այն միջադեպերի առնչությամբ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Սև ծովի անվտանգության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Նախարարությունը դեկտեմբերի 15-ի երեկոյան հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները խոցել են մի անօդաչու թռչող սարք, որը Սև ծովի կողմից մոտեցել էր երկրի օդային տարածքին, ինչի հետևանքով դրոնը կորցրել է կառավարումը: Թուրքական զինվորականները ոչնչացրել են այն անվտանգության նկատառումներով: AP-ն հիշեցնում է, որ Անկարան չի հայտնել, թե ում էր պատկանել ԱԹՍ-ն:

Դեկտեմբերի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքը մասնատվել է մանր բեկորների, որոնք ցրվել են մեծ տարածության վրա, ինչի պատճառով դրա ծագման պարզաբանումը խնդիրներ է առաջացնում։ Բեկորների որոնումը և տեխնիկական փորձաքննությունը շարունակվում են։

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան զգուշացնում է և՛ ռուսական, և՛ ուկրաինական կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սպառնալիք ստեղծել Սև ծովում նավագնացության համար։