Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես համայն հայության հոգևոր կենտրոն անխտիր բոլորինս է՝ և արդարներինը, և մեղավորներինը. Սուրբ Էջմիածնում աղոթք կարող է իրականացնել և տիրոջը մատուցել ցանկացած անձ, որովհետև Սուրբ Էջմիածինը Մայր աթոռն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Մայրը միշտ էլ սպասում է իր անառակ որդու վերադարձին։ Մենք որպես եկեղեցականները մշտապես մեր հանապազօրյա աղոթքով հայցում ենք, որ Տերը ողջախոհություն, իմաստություն և դարձ պարգևի բոլոր նրանց, որոնք եկեղեցու ուղեծրից դուրս են եկել, եկեղեցու վարդապետությունից հեռացել են, եկեղեցու կանոնական դրվածքից հեռացել են, և իրենց ուղտը մի տեսակ խաթարել են։ Մեր բոլորիս աղոթքը դա պետք է լինի։
Մայր Աթոռը այն բնօրրանն է, որտեղ ծնվում է սերը, ծնվում է համերաշխությունը, համազգգային միասնությունը։ Եթե որեւէ մեկը գալիս է այս բնօրրան խաթարելու, բնականաբար ամոթաբար ու գլխահակ պետք է հեռանա։
Մայր աթոռը զգաստության և աղոթքի կոչ հնչեցրեց և յուրաքանչյուր անձ, ով իրեն համարում է հայ քրիստոնյա, և հարազատ զավակն է հայ եկեղեցու, նա պետք է ականջալուր լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչին՝ զգաստանալու, ողջախոհությամբ առաջնորդվելու ևմիշտ աղոթքի մեջ լինելու։ Մենք իրավունք չունենք խաթարելու մեր ազգային միասնությունը, մեր հայրենիքը վտանգելու։ Իսկ այն գործողությունները, որոնք հովանավորվում են, բնականաբար, այդ են հետապնդում, ինչը մեզ համար որպես եկեղեցական, որպես պարզ քաղաքացի, անընդունելի է։
Մ«ենք ունենք սահմանադրությունը, սահմանադրական կարգ, օրենսդրությունը, հետևաբար այդ ամենը սրբորեն պետք է պաշտպանենք»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ 10 եպիսկոպոսները պահանջել են վեհափառի հրաժարականը, տեր Ասողիկն ասաց. «Ընթացակարգ գոյություն չունի, հայոց հայրապետին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը ցկյանս, և որեւէ մեկը չի կարող նման պահանջ ներկայացնել։ Այսինքն կարող է պահանջ ներկայացնել, բայց դա առոչինչ է։ Հայոց հայրապետին հրաժարեցնելու մեկ պատճառ կա, եթե հայոց հայրապետը մեր եկեղեցու ուղղափառ և սուրբ դավանությանը հակառակ դավանանք սկսի քարոզել։ Բայց մենք ունենք նախանձախնդիր հայրապետ, ով իր գահակալության 20 և ավելի տարիներին սրբությամբ և նախանձախնդրությամբ պահել, պահպանել է այոց եկեղեցու ուղղափառ և սուրբ հավատքը։
Ուզում է 10 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 100 եպիսկոպոս հավաքվի, ուզում է 200, իրենց պահանջը հակականոնական է, անընդունելի է, որովհետեւ իրենք ապստամբ են և եկեղեցու դեմ են գործում»։
Հարցին, եթե եպիսկոպոսների մեծ մասը համարի, որ վեհափառը դավանաբանական շեղում է ցույց տվել, այդ դեպքում ինչ կարող է լինել, նա պատասխանեց. «Նման բան չի կարելի մտածել, մեր եպիսկոպոսների մեծ մասը իր հայրապետի կողքին է, իսկ ովքեր եկեղեցուց հեռացել են, նրանք ոչինչ չեն որոշում։ Պետք է վստահել մեր եկեղեցուն և հայոց հայրապետին»։
Անդրադառնալով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կաթողիկոսը աղանդավոր է, թույլ է տվել դավանաբանական շեղում, Տեր Ասողիկն ասաց. «Եթե որեւէ մեկն իրեն իրավունք է վերապահում եկեղեցու աստվածաբանության, վարդապետության հետ կապված եզրահանգումներ կատարելու, նախ պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք ինքն ունի ճեմարանական կրթություն, աստվածաբանական գիտելիք, արդյոք անցել է աստվածաբանական որեւէ դպրոցի միջոցով, որ կարողանա նման բան ասել»։











