Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են մոտ 30 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումն Իրանից:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թմրամիջոցը փորձել է ներկրել ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանը: Վերջինս, թաքցնելով այն մաքսային հսկողությունից, հատել է սահմանային անցակետը եւ փորձել դուրս գալ մաքսային հսկողության գոտուց: Սակայն Մեղրիի մաքսակետում զննման ժամանակ պարզվել է, որ Զ. Ստեփանյանը թմրամիջոցը թաքցրել է անձնական իրերի եւ ավտոբուսի մեջ. մասնավորապես, մետամֆետամին է հայտնաբերվել նրա հագուստի թեւքում եւ ճապրուկում` թղթադրամի մեջ փաթեթավորված, ինչպես նաեւ ավտոբուսի նստատեղի տակ եւ բեռնախցիկում: Կատարվում է քննություն:
Ի դեպ, նախորդ տարի արձանագրվել է Իրանից «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման աճ. փորձ է արվել տեղափոխել ընդհանուր առմամբ շուրջ 700 գրամ: Վերլուծությունները, սակայն, ցույց են տվել, որ թմրամիջոցը փորձել են ներկրել ոչ այնքան մեր երկրում իրացնելու, այլ հետագայում այն Հայաստանից եվրոպական երկրներ արտահանելու նպատակով: Այս երեւույթը բացառելու համար ՊԵԿ Մաքսանենգության եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից պարբերաբար ձեռնարկվում են հատուկ օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումներ:
Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 46 դեպք, որոնցից 9-ը եղել է թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մասով: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են նաեւ տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա եւ արծաթյա զարդերի, տարադրամի, սննդամթերքի, ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի, տնտեսական ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:




























