Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, РИА Новости-ին է հայտարարել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մակրոնը ասաց, որ պատրաստ է զրուցել Պուտինի հետ։ Այստեղ շատ կարևոր է հիշել այն, ինչ նախագահը նշեց ուղիղ գծի ընթացքում։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց խոսելու Մակրոնի հետ։ Հետևաբար, եթե կա փոխադարձ քաղաքական կամք, դա կարելի է միայն դրական գնահատել», — ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Պուտինի և Մակրոնի հնարավոր երկխոսությունը պետք է լինի միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե հանդիմանությունների ընթերցում։

«Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումներն իր զրուցակիցներին՝ մանրամասն, անկեղծ և հետևողականորեն», — ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ եվրոպական առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն համագործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն։