Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌԴՆՀ) ղեկավար, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցություններն անվանել է կառուցողական, հայտնում է РИА Новости-ն։

«Քննարկումներն ընթանում են կառուցողական», — ասել է նա ռուսաստանցի լրագրողներին։

Միաժամանակ ՌԴՆՀ ղեկավարը հայտարարել է, որ ուկրաինական հարցով քննարկումները կշարունակվեն վաղը։

Դմիտրիևը շաբաթ օրը ժամանել է Մայամի, որտեղ անմիջապես օդանավակայանից ուղևորվել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման, որը տեղի է ունեցել գոլֆ-ակումբում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է շաբաթ օրը մեկնի Ֆլորիդա՝ մասնակցելու բանակցություններին ուկրաինական կարգավորման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարը այս ֆոնին նշել էր, որ նույնպես մտադիր է մեկնել այնտեղ։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ նոր բանակցությունների կազմակերպումից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև ունեցած շփումների արդյունքներին։ Ըստ նրա, եվրոպացիների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չեն խոստանում։

Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Ուիթքոֆին և Քուշներին։ Կողմերը շուրջ հինգ ժամ քննարկել էին խաղաղ նախաձեռնության էությունը, սակայն առայժմ չի հաջողվել փոխզիջումային տարբերակ գտնել։