Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլ Պինտոյի հետ, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների և Կարիբյան տարածաշրջանի իրադարձությունների շուրջ, հայտնում է Mehr-ը։

Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է Իրանի և Վենեսուելայի ամուր ու բազմակողմ հարաբերությունները՝ շեշտելով երկու երկրների ղեկավարների վճռականությունը համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ՝ ելնելով փոխադարձ շահերից։ Նա դատապարտել է ԱՄՆ գործողությունները, որոնք վտանգում են ծովային անվտանգությունը Կարիբյան ավազանում, ինչպես նաև Վենեսուելայի դեմ ուժի կիրառման սպառնալիքները՝ դրանք անվանելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների բացահայտ խախտում։

Արաղչին նաև հայտնել է Իրանի համերաշխությունը վենեսուելացի ժողովրդին և նրա ընտրված կառավարությանը՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը ԱՄՆ-ի ապօրինի և միակողմանի քայլերին վճռական հակազդելու հարցում, որոնք, ըստ նրա, լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության համար։

Իր հերթին Վենեսուելայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ նրա սկզբունքային դիրքորոշման և վենեսուելացի ժողովրդի ու կառավարության հետ համերաշխության համար՝ ԱՄՆ-ի անօրինական ու անարդար սպառնալիքների և պատժամիջոցների պայմաններում։ Նա վերահաստատել է Վենեսուելայի կառավարության և ժողովրդի՝ ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը արտաքին ճնշումներից պաշտպանելու վճռականությունը։