Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները շաբաթ օրը տեղափոխվել է Բուենոս Այրեսի Sanatorio Otamendi բարձրակարգ մասնավոր կլինիկա՝ որովայնի ուժեղ ցավերի պատճառով, հայտնում է La Derecha Diario-ն։
Նրա մերձավոր աղբյուրների հաղորդմամբ, սկզբում Կիրշներին բուժել են Բուենոս Այրեսի Կոնստիտուսյոն թաղամասում գտնվող Սան Խոսե փողոցի 1111 հասցեում գտնվող բնակարանում, որտեղ նա գտնվում է տնային կալանքի տակ։ Նախնական զննությունից հետո բժիշկները որոշել են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ բժշկական հետազոտություն, և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։
Գործընթացը հաստատվել է դատարանի կողմից՝ որպես պարտադիր քայլ տնային կալանքի ռեժիմի շրջանակում։
72-ամյա Կիրշները գտնվում է տնային կալանքի տակ այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել «Վիալիդադ» գործով՝ հանրային աշխատանքների ոլորտում կառուցվածքային կոռուպցիայի ամենանշանակալի հետաքննություններից մեկում։
Երկրի Գերագույն դատարանը հունիսի 10-ին ուժի մեջ է թողել 2022թ․ նոյեմբերին դաշնային քրեական դատարանի չորրորդ պալատի կողմից կայացված վճիռը՝ հաստատելով վեց տարվա ազատազրկման և պետական պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելքի պատիժը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։ Դատարանը նաև որոշել է բռնագրավել մոտ 84 միլիարդ պեսոյի արժեք ունեցող գույք։





























