Երաժիշտ Յուրի Բաշմետը, կինոռեժիսորներ Կարեն Շահնազարովը եւ Նիկիտա Միխալկովը, դիրիժոր Վալերի Գերգիեւը, մոդելյոր Վալենտին Յուդաշկինը, դերասաններ Գենադի Խազանովը եւ Ալեքսանդր Կալյագինը Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում են:
Ռուսաստանի ԿԸՀ-ում հայտնել են, որ այսօր` փետրվարի 6-ին, Պուտինի վստահված անձանց ցուցակում գրանցված 499 անուն կա: Ցուցակում ավելի քան 200 երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ եւ հասարակական գործիչներ կան:
Ցուցակում են նաեւ երգիչ Նիկոլայ Ռաստորգուեւը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը, Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, դերասան Իգոր Խարլամովը, կինոռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն, դերասան Ալեքսեյ Չադովը, թատերական ռեժիսոր Բորիս Էյֆմանը, Չեխովի անվան ՄԳԹ-ի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը, կենդանիների հայտնի վարժեցնող Ասկոլդ եւ Էդգարդ եղբայրները, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, դերասանուհի Լարիսա Լուժինան, երաժիշտ Սերգեյ Մազաեւը, դաշնակահար Դենիս Մացուեւը:
Վստահված անձանց ցուցակում են նաեւ ֆուտբոլիստներ Դինիյար Բիլյալետդինովը եւ Յուրի Ժիրկովը, մարզիկ Ելենա Իսինբաեւան, ֆուտբոլային մարզիչ Վալերի Գազաեւը, գեղասահքի մարզիչներ Թամարա Մոսկվինան եւ Տատյանա Տարասովան, գեղասահորդներ Տատյանա Նավկան եւ Եվգենի Պլյուշչենկոն:
Վստահված անձ են դարձել նաեւ բժիշկ-սրտաբան Լեոնիդ Բոկերիան, «Արգումենտի ի ֆակտի» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլայ Զյատկովը, դատապաշտպան Օլգա Կոստինան, Հանրային պալատի անդամ Անատոլի Կուչերենան, հեռուստալրագրող Ալեքսանդր Նեւզորովը, քաղաքագետ Դմիտրի Օռլովը, ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, «Գործարար Ռուսաստանի» առաջնորդ Բորիս Տիտովը, Թաթարստանի նախկին նախագահ Մինթիմեր Շայմիեւը, հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























