ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձագետների եռակողմ հանդիպման գաղափարը դեռևս լրջորեն չի քննարկվել և չի գտնվում մշակման փուլում, գրում է «Коммерсантъ»-ը։
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ուշակովը նշել է, որ այս նախաձեռնության մասին դեռ ոչ ոք լուրջ չի խոսել, և ինքը չգիտի՝ արդյոք Ուկրաինայի ներկայացուցիչներ ներկա են Մայամիում, որտեղ ընթանում են բանակցությունները։
Մայամիում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը վարում է երկկողմ բանակցություններ ամերիկյան գործընկերների՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Առաջին օրվա արդյունքներով Դմիտրիևը քննարկումները բնութագրել է որպես կառուցողական և հայտնել, որ խորհրդակցությունները կշարունակվեն նաև կիրակի։
Բացի այդ, Ուշակովը նշել է, որ անձամբ չի տեսել խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի փաստաթղթերը՝ Եվրոպայի և Ուկրաինայի հետ քննարկումներից հետո, թեև մամուլի միջոցով որոշ ազդակներ ստացվել են։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի և Ուկրաինայի կողմից խաղաղ ծրագրում կատարվող փոփոխությունները հեռացնում են համաձայնությունների հասնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է հանդիպման ձևաչափ՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում։





























