Պարզվել է, որ փետրվարի 5-ին, ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում 20-ամյա զինվորը սպանվել է ոչ թե հակառակորդի, այլ իր ծառայակցի կողմից:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 5-ին, ժամը 19:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին:
Վերջինս ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:)
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:



























