Մոսկվայից Նովոկուզնեցկ թռչող ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետևո» օդանավակայան ուղևորուհիներից մեկի անվայել վարքի պատճառով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը. հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օդանավում։ Բիզնես դասով ճամփորդող Կեմերովոյի մարզի 1991 թվականին ծնված բնակչուհին իրեն ոչ ադեկվատ է պահել. հայհոյել է և փորձել ծեծկռտուք հրահրել անձնակազմի անդամների հետ։ Կնոջ գործողությունների հետևանքով բորտուղեկցորդուհիներից մեկը սալջարդեր է ստացել։

Իրավիճակը վերահսկողության տակ առնելուն օգնել են բիզնես սրահի մյուս ուղևորները, որոնց թվում, ըստ Վոլկի, եղել են էստրադային հայտնի արտիստ և նրա համերգային տնօրենը։ Նրանք աջակցել են անձնակազմին՝ կարգազանցին սանձելու հարցում։

Դրան զուգահեռ՝ օդանավում ևս մեկ արտակարգ իրավիճակ է ստեղծվել. էկոնոմ դասի ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։

«Շերեմետևո» վերադառնալուց հետո ձերբակալվածը հրաժարվել է սթափության վիճակի զննություն անցնելուց։ Ներկայումս դեպքի առթիվ ստուգումներ են անցկացվում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը։