Ելիսեյան պալատը կիրակի օրը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցելու պատրաստակամությունը, հայտնում է AFP-ն։
Ֆրանսիայի նախագահի վարչակազմում նշել են, որ այն պայմանները, որոնց հիման վրա կարող է կայանալ նման խոսակցությունը, կհստակեցվեն առաջիկա օրերին։
«Ուրախալի է, որ Կրեմլը հրապարակայնորեն համաձայնեց նման մոտեցմանը։ Առաջիկա օրերին մենք կորոշենք գործողությունների լավագույն ձևը», — ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում, որը հաջորդել է Պուտինի պատրաստակամության մասին Կրեմլի հայտարարությանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է երկխոսության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Պեսկովը հավելել էր, որ հնարավոր երկխոսությունը պետք է փորձ լինի՝ միմյանց դիրքորոշումները հասկանալու համար, այլ ոչ թե «նոտացիաների ընթերցում»։ «Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, դրանք ներկայացնել զրուցակիցներին մանրամասն, անկեղծ և հետևողականորեն», — ասել էր նա։
Այսպիսով, Կրեմլը արձագանքել էր ավելի վաղ Մակրոնի հայտարարությանը, ըստ որի՝ եվրոպական առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները չհաջողվեն։





























