Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ կհասցնեն երկրի թշնամիներին «որտեղ անհրաժեշտ լինի, թե՛ մոտ, թե՛ հեռու ճակատներում», ակնհայտորեն ակնարկելով, որ Իսրայելին կրկին կարող է անհրաժեշտ լինել հարված հասցնել Իրանին, գրում է Times of Israel-ը։

«Իսրայելի պատմության ամենաերկար և ամենաբարդ պատերազմի կենտրոնում Իրանի դեմ արշավն է։ Իրանը նա է, ով ֆինանսավորել և զինել է Իսրայելի շուրջ ստեղծված խեղդող օղակը և կանգնած է նրա ոչնչացման ծրագրերի հետևում», — նշել է Զամիրը ՑԱՀԱԼ-ի Պլանավորման վարչության ղեկավարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ։

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆլորիդայում նախատեսվող հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու է այն փաստարկները, թե «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի ընդլայնումը սպառնալիք է, որը կարող է պահանջել արագ գործողություններ»։

Աղբյուրների պնդմամբ, նրա փաստարկների մի մասը հիմնավորելու է, որ Իրանի գործողությունները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև ողջ տարածաշրջանի, ներառյալ ԱՄՆ-ի շահերի համար։ Սպասվում է, որ իսրայելական առաջնորդը Թրամփին կներկայացնի ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության տարբերակները նոր ռազմական գործողություններին կամ դրանցում օգնություն ցուցաբերելու հարցում։