ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է РИА Новости-ն։

Նիստը մեկնարկել է նեղ կազմով և այնուհետև շարունակվելու է ընդլայնված ձևաչափով։

Հյուսիսային մայրաքաղաքում հավաքված մասնակիցները նախատեսում են երկուշաբթի օրը քննարկել ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը, սահմանել հետագա ինտեգրացիոն գործընթացների խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղենիշները, ինչպես նաև հաստատել մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ։ Մասնավորապես, սպասվում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում փոխշահավետ բազմաշերտ համագործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ և անկեղծորեն շահագրգռված է համատեղ աշխատանքի ակտիվացման մեջ՝ միության համապարփակ ամրապնդման նպատակով։

Հիշեցնենք, որ նիստին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։