Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ շրջանակներում 2014 թվականի հիմնական պայմանավորվածությունների վերանայումը, այդ թվում՝ ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետների տեղափոխումը, հայտնում է РИА Новости-ն։
«Հարգելի գործընկերներ, մեր բոլոր ձեռքբերումների կողքին պահպանվում են նաև խնդիրներ։ Մենք վերանայում ենք 2014 թվականի հիմնական պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են միության պայմանագրում, տեղափոխում ենք ընդհանուր էներգետիկ շուկաների, դեղամիջոցների և բժշկական արտադրանքի ձևավորման ժամկետները։
Արձանագրում ենք, որ բոլոր երկրները չէ, որ պատրաստ են միանալ միասնական ֆինանսական շուկային։ Ապրանքների ազատ տեղաշարժի առկա խնդիրներին փոխադարձ առևտրի շրջանակում ավելացնում ենք նորերը», — հայտարարել է բելառուս առաջնորդը՝ ելույթ ունենալով կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում։











