Wikileaks գործակալությանը տեղեկություններ հաղորդող ամերիկացի զինվոր Բրեդլի Մենինգը առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի: Իսլանդական խորհրդարանի մի քանի պատգամավորներ նամակով դիմել են Նոբելյան հաձնաժողովին` խնդրելով Մենինգին ընդգրկել մրցանակի թեկնածուների ցուցակում, ինչի մասին իր բլոգում գրում է պատգամավոր Բիրգիթա Յոնսդոթիրը:
«Փաստաթղթերի արտահոսքը ԱՄՆ-ի բազմամյա կոռուպցիան եւ ռազմական գործողություններն է մերկացրել: Դա ամբողջ աշխարհում հանգեցրեց ժողովրդավարական ապստամբությունների, լույս սփռեց ամերիկյան արտաքին քաղաքականության կորպորատիվ ազդեցության գաղտնիքի վրա եւ ազդեց Իրաքից զորքերի դուրսբերման Օբամայի աշխատակազմի որոշման վրա», – նամակում մեկնաբանում են պատգամավորները:
Ներկայումս Մենինգը մենախցում է, մամուլը պարբերաբար հայտնում է հոգեբանական ճնշման եւ ստորացման մասին, որոնց ենթարկվում է զինվոր-տեղեկատուն: Մենինգին դատելու է ռազմական դատարանը: Անցյալ շաբաթվա վերջին իշխանությունները հայտարարել էին, որ շարքային Մենինգին սպառնում է ցմահ բանտարկություն:
Նախորդ տարի Նոբելյան մրցանակի էր առաջադրվել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն այն բանի համար, որ հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակումն օգնեց մարդու իրավունքների զարգացմանը, ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը, գրում է gazeta.ru-ն:




























