Դեկտեմբերի 22-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տաման նավահանգստի վրա։ «Վնասվել են երկու նավամատույց և երկու նավ։ Նավերի վրա գտնվող բոլոր անձինք տարհանվել են։ Ո՛չ անձնակազմի անդամների, ո՛չ ափամերձ աշխատակիցների շրջանում տուժածներ չկան», — հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ Միևնույն ժամանակ, նավամատույցներում հրդեհներ են բռնկվել, որոնք ընդգրկել են 1000-ից մինչև 1500 քառակուսի մետր տարածք։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները՝ կրակը մարելու համար։ Խոցված անօդաչուների բեկորները վնասել են նավահանգստի տերմինալներից մեկի խողովակաշարը, ինչի հետևանքով 100 քառակուսի մետր տարածք ընդգրկող հրդեհ է առաջացելԼ

Ըստ տեղի բնակիչների, որոնց խոսքերը մեջբերում է Shot-ը, հարձակման ընթացքում լսվել է առնվազն 10 պայթյուն, որից հետո հրդեհի ուժեղ լույս է հայտնվել։ ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցներով «որսացվել և ոչնչացվել են» ինքնաթիռային տիպի ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր։ Այդ թվում՝ երեքը Կրասնոդարի երկրամասի տարածքում, իսկ երկուսը՝ Սև ծովի ջրատարածքի վրա։ Ընդ որում, դեկտեմբերի 21-ի երեկոյան ռազմական գերատեսչությունը զեկուցել է ուկրաինական 35 դրոնների «ոչնչացման» մասին, որոնցից 23-ը «որսացել են» Սև ծովի վրա։

Տաման նավահանգիստը Ռուսաստանի հարավի առանցքային լոգիստիկ հանգույցներից մեկն է։ Բացի նավթից և նավթամթերքից, դրանով անցնում են հեղուկացված ածխաջրածնային գազեր, ամոնիակ, հացահատիկ, ածուխ, պարարտանյութեր, երկաթի հանքաքար, ծծումբ, պողպատե արտադրանք և կոնտեյներային բեռներ։ Նավահանգստի թողունակությունը կազմում է տարեկան 54,5 հազար տոննա։ Մինչ այս, ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև նավթի, նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) վերաբեռնման տամանյան համալիրի նավթային պահեստարանների վրա, որի օպերատորը «Տամաննեֆտեգազ» ԲԲԸ-ն է։