Նորվեգացի ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը, ելույթ ունենալով դատարանում, անհապաղ ազատություն է պահանջել , իսկ իր գործողությունները որակել է որպես «նախազգուշացում պետական դավաճանների համար»: Մեղադրյալը հայտարարել է, որ գիտակցում է իր արածը, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ահաբեկիչը հայտարարել է, որ իր ակցիան նախազգուշացում էր բոլոր նրանց համար, ովքեր ոչնչացնում են նորվեգական մշակույթը եւ նորվեգական էթնոսը: «Ես ներկայացնում եմ նորվեգական դիմադրությունը: 10 տարի անց էթնիկ նորվեգացիները կկազմեն Օսլոյի բնակչության փոքրամասնությունը: Մենք չենք պատրաստվում նստել եւ ձեռքներս ծալած նայել դրան», - հայտարարել է Բրեյվիկը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ոստիկանությունը խնդրել է դատարանին երկարաձգել ահաբեկչի նախնական կալանքը եւս 12 շաբաթ: Փետրվարի 6-ի դատավարության ժամանակ Բրեյվիկի մեղքի կամ հոգեկան վիճակի հարցերը չեն քննարկվել:
Հիշեցնենք, որ Անդերս Բերինգ Բրեյվիկը կրկնակի ահաբեկչություն է կատարել 2011 թվականի հուլիսի 22-ին: Սկզբում նա ռումբ է պայթեցրել Օսլոյի կենտրոնում` կառավարական շենքի մոտակայքում (պայթյունի արդյունքում զոհվել է 8 մարդ),իսկ այնուհետեւ Ութեյա կղզու երիտասարդական ճամբարում հրաձգություն էր կազմակերպել` կրակելով 69 մարդու:
Հոգեբուժական փորձաքննությունը Բրեյվիկին հոգեկան հիվանդ է ճանաչել, որը փաստացիորեն նշանակում էր ահաբեկչի ուղարկումը պարտադիր բուժման: Ախտորոշմանը կասկածել են զոհերի հարազատները` դատարանին կոչ անելով երկրորդ անգամ զննել մարդասպանին: Բրեյվիկն անձամբ էլ հրաժարվել է իրեն անմեղսունակ ճանաչելուց, նաեւ հրաժարվել է համագործակցել հոգեբույժների հետ, որոնք պետք է անցկացնեն երկրորդ փորձաքննությունը:
Բրեյվիկի գործի վերանայումը պետք է սկսվի 2012 թվականի ապրիլի կեսերից, գրում է Lenta.ru-ն:




























