2025 թվականին Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 33%-ով, հայտնում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն, որը վերլուծել է պատերազմի սկզբից ի վեր Telegram ալիքներում ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։
Լրագրողները հարձակում են համարել այն դեպքերը, երբ անօդաչու թռչող սարքը ընկել է կամ հասել է թիրախին։ 2025 թվականի ոչ ամբողջական տարվա ընթացքում (մինչև նոյեմբերի վերջ) նմանատիպ շուրջ չորս հազար դեպք է գրանցվել։ Անօդաչուների հարվածներ են արձանագրվել Ռուսաստանի առնվազն 49 տարածաշրջաններում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում։ Միջին հաշվով օրական մոտ 11 անօդաչու սարք է ընկել կամ հարվածել թիրախին։
Միևնույն ժամանակ, խոցված անօդաչուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 52%-ով։ Ինչպես գրում է «Նովայա Գազետա Եվրոպան»՝ ՀՕՊ միջոցները ռուսական տարածաշրջանների երկնքում օրական միջինում մոտ ինը անօդաչու սարք են հաջողությամբ խոցել։
Դրան զուգահեռ, 2025 թվականին գրեթե դադարել են Ռուսաստանի հրթիռային գնդակոծությունները։ Նախորդ տարվա համեմատ դրանք կրճատվել են ավելի քան երեք անգամ։ Տարվա ընթացքում տեղի ունեցած ռազմական միջադեպերի ընդհանուր թվից (8,3 հազար) դրանք կազմել են 3% (շուրջ 250 դեպք)։ Լրագրողները նշում են, որ կրճատումը սկսվել է մարտ ամսից, երբ արևմտյան դաշնակիցները նվազեցրել են Ուկրաինային մատակարարվող հրթիռների քանակը։





























