Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հինգշաբթի օրվա զարգացումները ցույց տվեցին, որ երբ ընդդիմությունը միասնական է լինում, իշխանությունը ոչ մի բան չի կարողանում անել, այդ թվում այդքան ուժային ռեսուրսով, այդքան ավտոբուսներով բերված մարդկանցով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Չեմ բացառում, որ իշխանությունը կփորձի գնալ Մայր աթոռ, և եթե գնա անձամբ Նիկոլ Փաշինյանը պարզ է, որ կփակեն մուտքը և ոչ ոքի չեն թողնի, որ մտնեն Մայր աթոռի բակ։ Բայց բազմիցս ասել ենք, որ անկախ նրանից կբռնեն, կհանեն վեհարանից, կմտնեն իրենք Մայր աթոռ, թե չեն մտնի, եթե Վեհափառը ինքը իր կամքով հրաժարական չտա, որտեղ էլ որ նա լինի, նա մնալու է կաթողիկոս։
Բոլոր սադրանքների գնում է իշխանությունը, որպեսզի լինի բախում, որ դրանից հետո բնականաբար կալանավորվեն, այդ թվում նաև ընդդիմադիր գործիչներ, որից հետո բնականաբար ինչ-որ գործողություններ կլինեն արդեն կապված ապագա ընտրությունների հետ։
Վերջին դեպքը շատ ծիծաղելի էր, երբ իբր ԱԱԾ-ն տվել էր այդ թուղթը կապված Եզրաս սրբազանի գործակալ լինելու հետ։ 1986 թվականին, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության հանրապետություն էր, որևէ գրագրություն պետական, առավել ևս ուժային կառույցներում հայերեն չեն արվում, այսինքն այս մարդիկ անգամ չէին մտածել խորհրդակցեն ինչ-որ մեկի հետ, կամ ինչ-որ մեկը որոշել է իշխանություններին, այսպես ասած, «պատստավա» անի։
Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում է, թող հենց այնտեղ ինքն ասի, թե որ երկրի ագենտ է Եզրասը։ Ինքը թող ասի, որ Եզրաս Սրբազանը Ռուսաստանի ՖՍԲ-ի ագենտ է, և որ երկիրն է ՀՀ–ի դեմ մղում հիբրիդային պատերազմ։ Ես անհամբեր սպասում եմ, երբ պետք է բարձրաձայնեն մեր պաշտոնատար անձինք, որ դա Ռուսաստանն է։ Թող հաստատեն Կայա Կալասի ասածը»,–ասաց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ նման թղթի հրապարակումը ծիծաղելի դրության մեջ դրեց իշխանությանը։
Նա ընդգծեց, որ եկեղեցու նկատմամբ այս ճնշումները թուլացնում են հասարակության ու պետության իմունիտետը, ընդհանրապես ցանկացած պառակտում ողնաշարը կոտրում է պետության և հասարակության։
Անդրադառնալով նրան, որ ուժային կառույցները կարծես դառնում են Նիկոլ Փաշինյանի ձեռքին գործիք, քաղտեխնոլոգն ասաց. «Ցանկացած պետական կառույց պետք է փայփայել՝ անկախ նրանից, թե ով է իշխանության, որովհետեւ դրանք պետական կառույցներ են, դրանք կարգավորում են մեր քաղաքացիների առօրյա կյանքը բոլոր ոլորտներում։ Չի կարելի դրանք ջնջել, չի կարելի ստորացնել»։











