Mitsubishi-ն դարձել է առաջին ճապոնական ընկերությունը, որը դադարեցրել է արտադրությունը Եվրոպայում ֆինանսական ճգնաժամի պատճառով: Ընկերությունը հայտարարել է, թե փակելու է Նիդեռլանդների գործարանը մինչեւ այս տարվա վերջ:
Ընկերությունը պատրաստ է վաճառել գործարանը մեկ եվրոյով, եթե նոր սեփականատերը երաշխավորի ներկայիս անձնակազմի լիակատար զբաղվածությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Օսամու Մասուկոն «Կիոդո» գործակալությանը տված հարցազրույցում:
Բացի ֆինանսական ճգնաժամից, արտադրությանը խոչընդոտում է ուժեղ իենը, որը հարվածում է Ճապոնիայի ողջ արտահանմանը, ապրանքները շատ թանկ արժեն:
Mitsubishi-ն մտադիր է իր ուշադրությունը կենտրոնացնել զարգացող շուկաների վրա: Մարտից արտադրություն է սկսվում Թաիլանդում: Նիդեռլանդների գործարանը կարող է տարեկան մինչեւ 100 հազար ավտոմեքենա թողարկել, բայց այժմ արտադրվում է դրա կեսը:




























