Պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ խմբավորումների ղեկավարներ Մահմուդ Աբբասն ու Հալեդ Մաշաալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում պայմանավորվել են նոր անցումային կառավարություն կազմել մինչեւ ընտրությունների անցկացումը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «ձեւավորվում է ազգային համաձայնության կառավարություն անկախ թեկնածուներից, նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, եւ այդ կառավարության հիմնական խնդիրն է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ Գազայի հատվածի վերականգնումը»:
Կողմերը պայմանավորվել են «ժամանակավոր ղեկավարության» նիստ գումարել փետրվարի 18-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՖԱԹՀ-ն ու ՀԱՄԱՍ-ը չորս տարվա թշնամությունից հետո 2011թ. մայիսի 4-ին Կահիրեում հաշտեցման պայմանագիր են կնքել եւ պայմանավորվել ընտրություններ անցկացնելու շուրջ:



























