Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված և տեղեկատվական աղմուկ առաջացրած ֆիլմի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․ Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։

Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»։