Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը ցանկություն ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունն Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց ինքը` Ռուբեն Հովսեփյանը, ով նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է: 

Ի դեպ, վերջինս արձագանքելով մամուլում տեղ գտած այն հրապարկումներին, թե  Աջափնյակում ՀՀԿ-ի վերջնական  թեկնածուն ինքն է, նշեց. «Ես ինքս նման տեղեկություններ չունեմ»:

Հարցին, թե իր համար վարչական շրջանի ղեկավարի պաշտո՞նն է ավելի հոգեհարազատ, թե՞ ԱԺ պատգամավորինը, Ռ. Հովսեփյանը պատասխանեց. «Եթե վարչական շրջանի ղեկավար լինելով հանդերձ առաջադրվում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ուրեմն ԱԺ պատգամավորի աշխատանքը ինձ համար ավելի հոգեհարազատ է»: