Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած ամոթալի միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը չի դադարում։

Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, տխրահռչակ դիրիժոր Կարեն Դուրգարյանի զարմիկ Վրեժ Դուրգարյանն այդ օրը մագլցել էր Մայր տաճարի զանգակատանը կից Ամենայն Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու (1706-1714) շիրմի` մարմարյա տապանաքարին եւ ակնհայտ կերպով ցուցումներ եւ ուղղորդումներ էր կատարում խառնամբոխին՝  ասպատակելու Մայր Տաճարի վրա։ Ականատես հոգեւորական արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի վկայությամբ, ով փորձում էր կարգի հրավիրել Վրեժ Դուրգարյանին, վերջինս անպարկեշտ բառամթերքով, հայհոյախառն վարքով ուղղորդում էր հավաքված ամբոխին՝ հարձակվելու Մայր տաճարի վրա։

Եվ ահա մեկ օր անց, ի պաշտպանություն զարմիկի, հարցազրույցով է հանդես գալիս օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, ով ի թիվս բազմաթիվ հակասական մտքերի, մասնավորապես  հայտարարում է նաեւ հետեւյալը. «30 տարի օպերային թատրոնը քանդվել է այն մարդկանց պատճառով, որոնց ես համարում եմ խուլիգաններ»։

Երեւի պարոն Դուրգարյանն այնքան էր  տարվել զարմիկին արդարացնելու անօգուտ ճիգերով, որ ակամա հայտարարություն է կատարում հանցագործության մասին, վկայակոչելով ինքն իրեն։ Հավանաբար նա մոռացել էր, որ իր իսկ կողմից մատնանշված 30 տարիների ուղիղ կեսը՝ 15 տարի շարունակ ինքն անձամբ է կանգնած եղել օպերային թատրոնի ղեկավարման հիմքերում։ Նա ուղիղ 15 տարի (2001 – 2015թթ.)  հանդիսացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը  եւ, իր բնութագրմամբ, թատրոնը քանդելու համար, այդ նույն տարիների ընթացքում  երեք բարձրագույն պետական պարգեւի արժանացել՝ Մովսես Խորենացու մեդալ (2009) , Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2013), ՀՀ վաստակավոր արտիստ (2006):

Այստեղ ակամա հարցեր են ծագում՝ ուղղված պարոն Դուրգարյանին, որոնք մենք չենք կարող չուղղել նրան, օրինակո՞ւմ եք դուք խուլիգան  հռչակում եւ ո՞ւմ ծանր մեղադրանք ներկայացնում օպերային թատրոնը քանդելու հրեշավոր արարքի համար։

Ինչո՞ւ կամ ո՞ր արարքների ու վաստակի համարեք դուք ձեր կողմից նշված տարիներին արժանացել վերոհիշյալ պետական բարձր պարգեւների, ընդհուպ մինչեւ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչման, եթե այդ տարիների ընթացքում օպերային թատրոնը խուլիգանների պատճառով քանդվել է։

Եվ վերջապես, արդյո՞ք դուքի վիճակի եք  պատկերացնելու, թե ի՞նչ ծանր պատիժ է իրենից ներկայացնում 30 տարի շարունակ պետական ակադեմիական թատրոնը քանդելու մեղադրանքը, եթե դրա ուղիղ կեսը՝ 15 տարի շարունակ այդ թատրոնը ղեկավարել եք դուք։