Ընդունված է համարել, որ հայերը սիրում են սուրճ ըմպել, այնինչ իրականում Հայաստանում սուրճի օգտագործման ծավալները զգալիորեն զիջում են եվրոպական երկրներին:
2011 թ. Հայաստան է ներկրվել 11.8 հազ. տոննա սուրճ, որից 1400 տոննան արտահանվել է: Այդպիսով` Հայաստանը սպառում է տարեկան մոտ 10.4 հազ. տոննա սուրճ: Բնակչության 1 շնչի հաշվով դա կազմում է 3.25 կգ: Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր 1 լիտր սուրճի մեջ օգտագործվում է 48 գրամ սուրճ (տարբեր երկրներում այս նորման տատանվում է 30-48 գրամի սահմաններում), ապա ստացվում է յուրաքանչյուր հայ միջին հաշվով տարեկան ըմպում է 67 լիտր սուրճ: Շա՞տ է դա, թե՞ քիչ:
Աշխարհում ամենաշատ սուրճ օգտագործում են Ֆինլանդիայում եւ Շվեդիայում` 200 լիտր բնակչության 1 շնչի հաշվով: Հավանաբար սկանդինավյան ցուրտը ստիպում է այդ երկրների բնակիչներին մեծ քանակությամբ տաք ըմպելիքներ օգտագործել: Նշենք, որ Ռուսաստանում մոտ 2 անգամ ավելի քիչ են սուրճ օգտագործում, իսկ մերձբալթյան երկրներում` 2 ագամ ավելի շատ, քան` Հայաստանում
Նշենք, որ վերջին տարիներին Եվրոպայում սուրճի օգտագործումը նվազում է, երկրների մեծ մասում 1 շնչի հաշվով սուրճի օգտագործումը պակաս է տարեկան 100 լիտրից: Դա մասամբ հետեւանք է սուրճի թանկացան:




























