Դեկտեմբերի 24-ի գիշերը Մոսկվայի հարավում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել են ճանապարհապարեկային ծառայության (ՃՊԾ) երկու աշխատակից. հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից: «Մայրաքաղաքային Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները օպերատիվ ծառայությունների հետ համատեղ զննում են դեպքի վայրը, ուսումնասիրվում են տեսախցիկների ձայնագրությունները, նշել են գերատեսչությունում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ հոդվածով։

Baza-ի տվյալներով՝ պայթյունը որոտացել է Օրեխովո-Բորիսովո շրջանի Ելեցկայա փողոցում գտնվող ոստիկանական բաժանմունքի մոտ։ ՃՊԾ երկու տուժած աշխատակիցներին շտապ հոսպիտալացրել են։ Տեղի բնակիչները տեսել են նաև մի տղամարդու, ով ոտքերի վնասվածքներով ընկած է եղել մեքենայի մոտ։ Mash և «112» ալիքների՝ իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ ոստիկանները ստացած վնասվածքներից մահացել են։ «ՎՉԿ-ՕԳՊՈւ»-ի զրուցակիցը ուժային կառույցներից մեկում պատմել է, որ կեսգիշերին մոտ ՃՊԾ աշխատակիցները հանձնարարություն են ստացել բերման ենթարկել մի կասկածելի տղամարդու և տեղափոխել բաժանմունք։ Վերջին անգամ նրանք հրամանատարի հետ կապ են հաստատել այն ժամանակ, երբ մոտեցել են բաժնին և կայանատեղիում բախվել ևս մեկ կասկածելի անձի։ Mash-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է նետել մեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։

Տեղի բնակիչներից մեկը Shot-ին պատմել է, որ դեպքից մի քանի րոպե առաջ իր ավտոմեքենան կայանել է պայթյունի վայրի մոտակայքում։ Նա տեսել է ոստիկանական «Շկոդան», ինչպես նաև կապյուշոնով և բժշկական դիմակով մի կասկածելի տղամարդու, ով նայում էր կայանված մեքենաների ներսը։ Ընդ որում, Օրեխովո-Բորիսովոյի բնակիչը բուն պայթյունը չի տեսել, քանի որ այդ պահին արդեն բարձրանալիս է եղել տուն։

Դրանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, Օրեխովո-Բորիսովոյի ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու պայթել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, 56-ամյա գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի ավտոմեքենան։ Բարձրաստիճան զինվորականն այդ պահին գտնվել է մեքենայի մեջ և ստացած վնասվածքներից մահացել է։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «Е» կետով և 222.1-րդ հոդվածով (սպանություն՝ կատարված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն)։