Հարկ է ձեռնպահ մնալ «ԱՄՆ ռազմական գործողությունների նպատակով Վրաստանի տարածքի օգտագործում» ձեւակերպումից: 

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում, այսօր` փետրվարի 6-ին, հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն` մեկնաբանելով  այն խոսակցությունները, թե Վրաստանի տարածքը կարող է ամերիկացիների կողմից օգտագործվել` Իրանին հարվածելու համար:

Նրա խոսքով` ԱՄՆ հետ ռազմավարական փոխգործակցության շրջանակում ընդունվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացման մասին որոշում:

«Վրաստանն ԱՄՆ-ի հետ կշարունակի այդ ուղղությամբ համագործակցությունը: Ես կոչ եմ անում ձեռնպահ մնալ այն ձեւակերպումից, թե Վրաստանը կարող է որպես պլացդարմ օգտագործվել այլ երկրների նկատմամբ ռազմական գործողությունների համար: Դա  այն տերմինոլոգիան չէ, որը բնորոշում է ԱՄՆ-ի հետ դրական հարաբերությունները»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: