Դեկտեմբերի 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տեմրյուկի ծովային նավահանգստի վրա, հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից: «Տեղի է ունեցել նավթամթերքով լցված երկու պահեստարանի բռնկում: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր», — նշել են օպերատիվ շտաբից: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 70 մարդ և 18 միավոր տեխնիկա: Գիշերային հարձակման ժամանակ վնասվել են նաև Կրասնոդարի երկրամասի Շչերբինովսկի շրջանի Նիկոլաևկա գյուղի գյուղատնտեսական ձեռնարկության շենքերն ու տեխնիկան: Այստեղ ևս տուժածներ չկան, հրդեհն օպերատիվորեն մարվել է:
Տեմրյուկի ծովային նավահանգիստը գտնվում է Ազովի ծովի Տեմրյուկի ծոցում՝ Տամանյան թերակղզու վրա։ Դրա թողունակությունը տարեկան կազմում է 11,5 հազար տոննա։ Մինչ այս, անօդաչու թռչող սարքերը նավահանգստի վրա հարձակվել էին երեք շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 5-ին։ Արդյունքում վնասվել էր հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) վերաբեռնման տերմինալը, որի միջոցով արտահանվում է ռուսական և ղազախական արտադրողների հումքը։ Դեկտեմբերի 22-ին ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել Կրասնոդարի երկրամասի մեկ այլ՝ Տամանի նավահանգստին, որը մասնագիտացած է նավթի և նավթամթերքի վերաբեռնման մեջ։ Հզոր հրդեհներ են բռնկվել երկու նավամատույցներում, վնասվել են երկու նավ, ինչպես նաև նավահանգստի տերմինալներից մեկի խողովակաշարը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը մարտական պատրաստության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացրել և ոչնչացրել» են ուկրաինական 141 անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, 62-ը խոցվել է Բրյանսկի մարզի, 12-ը՝ Տուլայի մարզի, 11-ը՝ Կալուգայի մարզի, 9-ը՝ Մոսկվայի մարզի, 8-ը՝ Ադիգեայի և 7-ը՝ Կրասնոդարի մարզի վրայով։ Անօդաչու թռչող սարքեր են խփվել նաև Ռոստովի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի և Վոլոգդայի մարզերի, ինչպես նաև օկուպացված Ղրիմի վրայով։





























