Նշագեղձերը հեռացնելու վիրահատությունից հետո 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հրազդանի բնակիչ 5-ամյա Միլենա Մարտիրոսյանը վիրահատվել էր հունվարի 26-ին եւ հենց հաջորդ օրը դուրս գրվել հիվանդանոցից: Հունվարի 28-ին երեխան իրեն վատ է զգացել եւ անմիջապես տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը:

Երեխայի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով (բժշկական պարտականությունները չկատարելը կամ անորակ կատարելը):

Մի շարք փորձաքննություններ են նշանակված: Այս պահին ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չկան: