Իրանի իշխանությունների պատերազմ են հայտարարել արեւմտյան խաղալիքներին, որոնք չեն համապատասխանում իսլամական ավանդույթներին: Բարբի տիկնիկներից հետո Իսլամական հանրապետությունում արգելել են Սենդի եւ «Սիմփսոններ» ամերիկյան մուլտսերիալի հերոսների տիկնիկների վաճառքը:

Բարբի տիկնիկները հավաքելու հրամանը խաղալիքների խանութների սեփականատերերը ստացել էին հունվարի կեսերին: Այժմ համանման որոշում է կայացվել Սենդիի եւ Սիմփսոնների վերաբերյալ:

Իրանի պաշտոնատար անձանց եւ շիական հոգեւորականության ներկայացուցիչների կարծիքով` այդ խաղալիքները «արեւմտյան օտար մշակույթի կրողներ են», որոնք ոչ միայն չեն նպաստում երեխաների դրական դաստիարակությանը, այլեւ կործանարար ազդեցություն են թողնում աճող սերնդի համար:

Որպես արգելված խաղալիքների այլընտրանք` իրանցի ծնողներին առաջարկվում են իրանական արտադրության Սառա եւ Դառա տիկնիկները: Նրանց զանգվածային արտադրությունն Իրանում սկսվել է նախորդ դարավերջին: Թեեւ այդ խաղալիքներն այնքան էլ էլեգանտ չեն արեւմտյանների համեմատությամբ, բայց խիստ ոճի հագուստներով են, ինչը համապատասխանում է իսլամի պահանջներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Իրանի մաքսային ծառայության տվյալներով` նախորդ տարի շուրջ 45 մլն դոլարի խաղալիքներ են ներկրվել երկիր: Դրան պետք է հավելել նաեւ մաքսանենգային ներկրումը, որը կազմում է ներկրման ամբողջ ծավալի 25%-ը: