Չինաստանի ինժեներները հաջողությամբ արագացրել են էլեկտրամագնիսական քարշուժով աշխատող բազմատոննանոց վագոն-հարթակը մինչև 700 կմ/ժ՝ ընդամենը երկու վայրկյանում։ Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, դրանով իսկ գիտնականները համաշխարհային ռեկորդ են սահմանել նմանատիպ կառուցվածքների համար։

Մագնիսական բարձիկով հարթակը նշված արագությանը հասել է 400 մետրանոց փորձարկման գծի վրա և այնուհետև կանգ առել։

Տեխնոլոգիան մշակել են Չանշա քաղաքում (Հունան նահանգ, Չինաստանի կենտրոնական մաս) գտնվող Պաշտպանական գիտատեխնիկական համալսարանի մասնագետները։ Մագնիսական լևիտացիայի ոլորտում հետազոտությունները տևել են 10 տարի։

Ինչպես տեղեկացրել է հեռուստաալիքը, այս մշակումը նոր հնարավորություններ է բացում էլեկտրամագնիսական քարշուժով վակուումային տրանսպորտի զարգացման համար և առաջարկում նոր մեթոդներ աերոտիեզերական տեխնիկայի արձակման ու փորձարկման համար։