Բաքվում սպասում են «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռի մասնակցությամբ տեղի ունեցած աղետի հետաքննության ավարտին և ակնկալում են փոխհատուցումների շուտափույթ վճարում։ Այս մասին «Լենտա.ռու» պարբերականին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
Նա նաև հույս է հայտնել, որ ողբերգության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
«Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում արված հայտարարությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են այս ուղղությամբ», - նշել է դիվանագետը։
Մուստաֆաևը հավելել է, որ այսօր Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հիմնարար հարցը ավիաաղետի հետ կապված խնդիրների շուտափույթ և արդարացի կարգավորումն է։
2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու – Գրոզնի J2-8243 չվերթը, կործանվել է Ակտաուի (Ղազախստան) մոտակայքում։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ Գրոզնիին մոտենալիս ինքնաթիռը ենթարկվել է ռուսական «Պանցիր-Ս» ՀՕՊ համակարգի հարձակմանը։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ (62 ուղևոր, անձնակազմի 5 անդամ), որոնց թվում՝ Ադրբեջանի 42 քաղաքացի (37 ուղևոր, անձնակազմի 5 անդամ), Ռուսաստանի՝ 16, Ղազախստանի՝ 6, Ղրղզստանի՝ 3 քաղաքացի։ Զոհվել է 38 մարդ, ողջ է մնացել 29-ը։




























