Բենզինը վաճառվում է էժան, որովհետեւ էժան ներմուծվել է. դա է հենց մրցակցության տրամաբանությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից ներմուծված պրեմիում տեսակի բենզինին։

«Դեմպինգի ռիսկ ևս չկա, որովհետեւ դեմպինգը նշանակում է տնտեսապես չհիմնավորված էժան։ Եթե չհիմնավորված էժան լինի, այդտեղ, իհարկե, կանխարգելիչ միջոցառումներ կանենք կամ պրոցես կգեներացնենք։

Ինչ վերաբերում է ընդհանուր շուկայի ազդեցությանը, ծավալը կարծում եմ՝ փոքր է։ Մեր երկրի ընդհանուր  սպառման ծավալը տարեկան շուրջ 200 000 տոննայի կարգի է։ Եթե էժան շատ ծավալի բենզին գա, բնականաբար դրական կազդի և գինը կիջնի։

Սրան պետք է նայել մի քանի տեսանկյունից, որպես այլընտրանք, որպես լոգիստիկ այլընտրանք, որպես ապրանքի այլընտրանք։

Անդրադառնալով լուրերին, որ սա երրորդ երկրից ծագման բենզին է և Ադրբեջանն ընդամենը վերարտահանում է, Գեղամ Գևորգյանն ասաց. «Սա ադրբեջանական բենզին է, որակի հետ կապված մենք մտահոգություն չենք լսել։ Բոլոր ներկրողները նույն ստանդարտ պրոցեսն են անցնում, լաբորատոր անալիզ են անցնում, եթե որակի հետ կապված խնդիր լիներ, չէր մտնի Հայաստան»։

Ինչ վերաբերում է գնին, հանձնաժողովի նախագահը նշեց, որ եթե վաղը թանկ լինի Ադրբեջանից ներկրվող բենզինը, մարդիկ պարզապես չեն գնի. «Սա այն տարբերակը չի, որ այնքան մեծ ծավալի բերել են, լցրել են, որ շուկայից մնացած բոլոր խաղացողները դուրս գան, չկարողանան ունենալ այդ հնարավորությունը և հաջորդ օրը միանգամից թանկացնեն մեր տնտեսությունը վարի գնա։ Ընդամենը ներմուծվել է ինչ-որ փորձնական չափաքանակ։

Նաև տեսանք, որ երկաթուղին գումար չի գանձել, դրա արդյունքում ևս գինը իջել է։

Կարծում եմ՝ շատ արագ վերջանալու է այս քանակը, հետո արդեն երբ որ կլինի նորմալ տնտեսական գործընթաց, այդ ժամանակ կհասկանանք արդեն որ բենզինն է թանկ, որ բենզին է էժան։

Հիմա, օրինակ, մենք բենզին  բերում ենք Եվրոպայից։ Երբ այդ խնդիրը առաջացավ, ասում էին՝ վայ, կործանվելու ենք։ Ինչպես տեսնում ենք,  10 դրամի տարբերություն եղավ, ինքը բորսայական ապրանք է, հանգիստ տեղեք»։

Հանձնաժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ շուկայի բոլոր մասնակիցներն էլ իմացել են բենզինի մասին. ««Իրենք ցանկություն են ունեցել, իրենք բերել են, հիմա եթե երրորդ մարդն էլ ուզենա գնա բերի՝ կբերի»։

Գեղամ Գևորգյանը նաև անհիմն համարեց խոսակցությունները, թե իբր խոշոր ներկրողներին ստիպել են, որ ադրբեջանական բենզին ներկրեն ու սպառեն Հայաստանում։