ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու պրոցեսը դեռ ընթացքի մեջ է, դեռ չի ավարտվել, որևէ մեկին հեռացնելու խնդիր չկա, իրականում բոլոր կուսակցականներին էլ շատ լավ ճանաչում ենք, ուղղակի շատ լավ հնարավորություն է նաև պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած կուսակցականների կարծիքը, իրենց նպատակները լսելու համար, գուցե նախագծեր ունեն, որոնք ուզում են կյանքի կոչեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
«Ես կարծում եմ՝ շատ լավ պրակտիկա է, հետագայում նույնպես այդպես վարվելու ենք։ Մենք մինչև այս չենք ունեցել հերթական ընտրություններ, երկու արտահերթ ենք ունեցել, սա մի քիչ այլ ընթացակարգով ենք գնում ցուցակներ կազմելու, ավելի ժողովրդավարական ճանապարհ, որովհետև արդյունքում, բացի այս պրոցեսից, նաև գիտեք ընտրությունների արդյունքում է կազմվելու ցուցակը»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը չի ընդգրկվել ցուցակում և հայտարարել է, որ բողոքարկելու է ՔՊ վարչության այդ որոշումը, Ալխաս Ղազարյանն ասաց. «Կուսակցությունում չկա այնպիսի մի հարց, որ բարձրացվի ու դրան անդրադարձ չկատարվի։ Կանոնադրության մեջ կետ ունենք, որ կուսակցության մարմինների որոշումների դեմ բողոք հնարավոր է ներկայացնել։ Եթե մեր կուսակցական գործընկերները ասելիք ունեն, ինչու հնարավորություն չտալ, որ այդ մարդիկ լսելի լինեն, բնականաբար իրենց ևս լսելու ենք։ Այստեղ թիմակիցներից որեւէ մեկին դուրս թողնելու խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը ցուցակում գտնվելու հարցի մասին է, բայց դա չի նշանակում, որ թիմից ենք դուրս դնում կամ ինչ-որ այլ տեղ չի դիտարկվում տվյալ թեկնածուն։ Պարզապես պատգամավորական ցուցակում չլինելու խնդիր է»։
Անդրադառնալով նրան, որ որոշ պատգամավորների օգնականներ են հայտ ներկայացրել ընդգրկվելու ՔՊ–ի ցուցակում, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Տարբեր ոլորտներից կարող ենք տեսնել մարդիկ, ովքեր առաջադրվել են։ Սահմանադրությունը այս առումով սահմանափակում չի դնում։ Կարծում եմ՝ օգնականները ավելի լավ պատկերացում ունեն պատգամավորի գործունեության վերաբերյալ։ Ինձ թվում է՝ օգնականն ավելի պատրաստ է պատգամավոր դառնալու, քան մեկը, ով Ազգային ժողովի շենքից դուրս է»։
Հարցին՝ արդյոք իշխանությունը չի ցանկանում նահանջել եկեղեցու դեմ գործընթացից՝ հաշվի առնելով, որ իշխանության քայլերը չի բերելու Վեհափառի հեռացմանը, Ալխաս Ղազարյանն ասաց. «Ընդդիմությունը տեսնում է պայքար իշխանության և եկեղեցու միջև, մինչդեռ մեր պայքարը եկեղեցու դեմ կամ իշխանություն–եկեղեցի պայքարը չէ, սա որոշ եկեղեցականների ու հանուն եկեղեցու պայքար է։ Հետևաբար, եթե նրանք այդ օրը կոչ էին անում ու հանրահավաք էին անում, ու փորձում էին ինչ-որ քաղաքական շարժում գեներացնել, իսկ մեր նպատակը լրիվ այլ էր»։
Ինչ վերաբերում է նրան, որ Մայրաթոռի բակում նաև համայնքապետեր կային աշխատանքի ժամին, որոնք անվայել վարքագիծ էին դրսևորում, հայհոյում էին, ՔՊ–ական պատգամավորը հավաստիացրեց, որ դա եղել է ինքնաբուխ հավաք, ՔՊ–ն որեւէ մեկին որևէ հրահանգ չի տվել։ Մարդիկ տեսնելով Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի և մյուսների կոչերը, գնացել են այնտեղ՝ պաշտպանելու իրենց դիրքորոշումները։ Ես կարծում եմ՝ մեր համայնքապետերը այդ կոչերին համահունչ որոշել են լինել այնտեղ ու տեսնել, թե ինչ է կատարվում։
Մեր իրավապահ համակարգը հետևում է այդ ամբողջ գործընթացներին, պետք է իրենք հետևություն անեն և եթե կգտնեն ինչ-որ արարք, թեկուզ մեր կողմնակիցների կողմից, այդ ամենը պետք է հետևանք ունենա։











