«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում, տարածաշրջանում կապերի վերականգնում ու բարելավում, և ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շարունակական գործընթացը, մասնավորապես՝ Ռուսաստանից հացահատիկի մատակարարումը Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով»,- այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

 «Եվ այս ամենը, իհարկե, հաստատում է «3+3» ձևաչափի մշակման արդիականությունը, որը շեշտը դնում է տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդման վրա։

Հարթակի հանդիպմանը կցանկանայինք տեսնել նաև մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենք և միշտ կգտնենք քննարկման թեմաներ»,- նշել է Զախարովան։

Ըստ նրա՝ 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի վերջին նախարարական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության համաձայն՝ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ երկու հանդիպումները պետք է անցկացվեն Հայաստանում կամ Ադրբեջանում։

«Մինչ օրս մեր գործընկերներից որևէ տեղեկություն չի ստացվել հանդիպումների կարգի և վայրի վերաբերյալ։ Հուսով ենք, որ նրանք շուտով կկարողանան լուծել այս հարցը, և, հնարավոր է, տեղեկություն կտան լրատվամիջոցներին»,- ասել է նա։